Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանը հաղթում է Սիրիայի պատերազմում, բայց կարո՞ղ է տանուլ չտալ խաղաղությունը

Ռուսաստանը հաղթում է Սիրիայի պատերազմում, բայց կարո՞ղ է տանուլ չտալ խաղաղությունը
30.11.2017 | 17:00

Միջազգային հանրությունը շատ և կոշտ քննադատում էր Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, բայց պետք է ընդունել, որ Ռուսաստանի ռազմական ու դիվանագիտական կշիռը ռազմական միջամտության հետևանքով նշանակալից մեծացել է: Հարց է` ինչպե՞ս պիտի Ռուսաստանը տնօրինի այդ շահումը: Ռուսաստանը օգնեց Ասադի վարչակարգին դիմանալ և ընդլայնեց իր ռազմական ներկայությունը Սիրիայում, բայց միջազգային հարաբերությունների առումով Ռուսաստանի հաջողության հետևանքները իր համար միանշանակ չեն: Ռուսաստանը ԱՄՆ-ին դուրս մղեց տարածաշրջանի առաջատար արտաքին խաղացողի դիրքերից: Ռուսաստանը գլխավորն է խարխուլ ալյանսում, որտեղ Իրանն ու Թուրքիան են և որը պետք է որոշի Սիրիայի ապագան: Նույնիսկ Սաուդյան Արաբիան ստիպված էր դեպի Կրեմլ կածան գտնելու: Ռուսաստանը սեփական դասերը քաղեց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական արշավներից վերջին 20 տարում: Մոսկվան տագնապով էր հետևում` ինչպես են ԱՄՆ-ում դաշնակիցները ողջունում արաբական գարունը` Մերձավոր Արևելքում ժողովրդավարության լուսաբաց տեսնելով: Ռուսաստանը շատ ավելի հոռետես ու պրագմատիկ էր: Այդ ամենից նա սեփական դասերը քաղեց և օգտագործեց Սիրիայում:

Ռուսաստանը սիրիացի ապստամբներին չէր համարում նոր ժողովրդավարական կարգի մունետիկներ: Ավելի շուտ` Մոսկվայում Սիրիայում կատարվողը դիտարկվում էր իբրև հերթական անկայունության ալիք, որը կարող է տարածվել տարածաշրջանում և անցնել Ռուսաստանի սահմանը: Կարևոր է, որ Ռուսաստանը շատ պրագմատիկ էր գնահատում իրավիճակը: Մոսկվան որոշեց աջակցել իր դաշնակից Բաշար Ասադին, բավականին հստակ ու նեղ ռազմավարարական նպատակներ դրեց, և որ շատ կարևոր է` Սիրիա ուղարկեց ճիշտ այնքան զինվորականներ, որքան պետք է այդ նպատակին հասնելու համար: Ռուսական ավիացիան, հատուկ ջոկատայինները և տեխնիկան Ասադի թուլացած ու տրոհված ուժերի համար հուսալի հենարան դարձան, իսկ ցամաքում անհրաժեշտ կենդանի ուժն ապահովեցին Իրանի աջակցությունն ունեցող «Հըզբոլլահը» և շիական այլ խմբավորումներ: Բոլորը միասին օգնեցին Ասադին պարտության մատնել ապստամբներին և ԻՊ-ի զինյալներին Սիրիայի տարածքի մեծ մասում: Սիրիայի կառավարական ուժերին ու դաշնակիցներին հաջողվեց վերահսկողություն հաստատել մեծ բնակավայրերում: Սիրիական ընդդիմությունը ամբողջությամբ ջախջախված չէ, բայց նշանակալից չափով բարոյալքված է: «Մնում է միայն ապստամբների որոշ խումբ, որ չի հանձնվել ու շարունակում է օգնություն ստանալ արտասահմանից: Բայց համարյա բոլորը ցրված են Թուրքիայի սահմանի երկայնքով»` ասում է Օկլահոմայի համալսարանի պրոֆեսոր Ջոշուա Լենդիսը: «Նրանք Ասադին անհանգստացնելու են այնքան, քանի դեռ պարտված չեն կամ նրանց ճակատագրի վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանավորվածություն չկա»` ասում է փորձագետը: «Խոշոր հաշվով` ընդդիմությունը ջարդված է,- կարծում է Լենդիսը:- Գուցե ինչ-որ ընդհատակյա խմբավորումներ դեռ կփորձեն հարձակվել պետական հաստատությունների վրա կամ ռումբեր պայթեցնել շուկաներում, բայց մինչև ապստամբության սկիզբը Ասադի վարչակարգը հմուտ ու անխնա ոչնչացրել է այդ ահաբեկչական խմբավորումները»:


Ռուսաստանը հասել է «հաղթանակի» (եթե կարելի է այդպես անվանել), գործելով «ռեալ քաղաքականության» տրամաբանությամբ և քիչ մտահոգվելով, թե ինչ գնահատական կտան իր գործողություններին բարոյականության տեսակետից: Ռուսաստանն աջակցում է մի վարչակարգի, որ շատերի գնահատականով ոչ միայն զենք է ուղղել սեփական ժողովրդի դեմ, այլև ռազական հանցագործություններ է կատարել: Մոսկվան պաշտպանում էր Սիրիայի իշխանություններին միջազգային հանրությունից, երբ նրան մեղադրում էին զարինի և քիմիական զենքի այլ տեսակների կիրառման մեջ: Ռուս զինվորականները Սիրիայում գործում էին` ինչպես իրենց հարմար է` կիրառելով ավիառումբեր ու հրթիռներ: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Սիրիայում ու Իրաքում գործողությունների ժամանակ կիրառում էին հիմնականում բարձր ճշգրտության զենք, որը, իհարկե, նույնպես սպանում է խաղաղ բնակիչներին, և ավելի շատ խաղաղ բնակիչների, քան պատրաստ են ընդունել ռազմական պրես ատաշեները: Բայց փաստը մնում է փաստ` արևմտյան զինվորականները, զգուշանալով հասարակական կարծիքից իրենց երկրներում, ջանում են կրճատել քաղաքացիական բնակչության կորուստները որքան հնարավոր է: Ռուս ղեկավարներն այդ զսպիչ գործոնը չունեն: Պուտինին պետք էր իր հասարակությանը ցույց տալ, որ ինքը հաջողության է հասնում Սիրիայում համեմատաբար նվազ կորուստներով և ռուսական զինվորականների քիչ մասնակցությամբ ռազմական գործողություններին:


Ի՞նչ է դա նշանակում: Սիրիայի ընդդիմության համար ամեն ինչ վերջացա՞ծ է: «Նրանց համար, որ ապրում են վտարանդիության մեջ, դժվար է որևէ լուրջ ռազմական ակտիվություն դրսևորել` Սիրիայի հարևաններն այլևս չեն ցանկանում, ինչպես առաջ, նրանց հովանավորել ու իրենց տարածքներում բազաներ տրամադրել»` ասում է պրոֆեսոր Լենդիսը: «Իհարկե, սիրիական ընդդիմության միլիոնավոր կողմնակիցներ, որ հիմա փախստականներ են, անիծում են Պուտինին ու Ռուսաստանին և բոլորը սպասում են, որ Արևմուտքը կտապալի Ասադին ու կօգնի իրենց տուն վերադառնալ: Բայց նրանց, ինչպես 100 տարի առաջ ռուս սպիտակգվարդիականներին, ավելի շուտ հիասթափություն է սպասում»` կարծում է Լենդիսը: Ռուսաստանը հաղթել է պատերազմում, բայց կկարողանա՞ խաղաղություն շահել: Այո, դիվանագիտական խաղում հիմա Մոսկվան ավելի շատ հաղթական խաղաթղթեր ունի: Բազում ուղղություններով Մոսկվան նախ շահեց մարտը Օբամայի վարչակազմի հետ` սիրիական ընդդիմությանը միավորելու ու զինելու Վաշինգտոնի բոլոր փորձերը ձախողվեցին, իսկ հիմա քթից բռնած` պարացնում է Թրամփի թիմին: Վաշինգտոնի որոշ դաշնակիցներ (օրինակ` Թուրքիան), որ երկար ժամանակ ձգտում էին Ասադի տապալմանը, որոշեցին մտահոգվել իրենց սեփական ռազմավարական շահերի մասին: Անկարայի համար առաջին հերթին դա որևէ քրդական ինքնավարության ձևավորում թույլ չտալն է: Այդ շահերը Անկարային ստիպեցին համագործակցել Թեհրանի ու Մոսկվայի հետ: Թրամփի վարչակազմը մինչև հիմա չի մշակել հստակ ու ամբողջական ծրագիր ոչ Սիրիայի հարցում, ոչ իր համար առավել հիմնարար նպատակի` տարածաշրջանում Իրանի աճող ազդեցության զսպման դեմ: Նրա լծակները շատ չեն: ԱՄՆ-ի ռազմավարության միակ արդյունավետ տարրը քուրդ զինյալներին աջակցությունն ու զինելն է: Ջոշուա Լենդիսի խոսքով` եթե Վաշինգտոնը շարունակի քրդերին աջակցել, կարող է լուրջ դժվարություններ ստեղծել սիրիական իշխանության համար և պահպանել տարածաշրջանում իրավիճակի վերահսկողության լծակները իր ձեռքում: ԱՄՆ-ը օգնել է քրդերին վերահսկողություն սահմանել Սիրիայի նավթային ու գազային հանքավայրերի մեծ մասի վրա: Դա լրջորեն բարդացնում է պատերազմից հետո երկրի վերականգնման Ասադի խնդիրը: «Եթե ԱՄՆ-ը կարողանա Դամասկոսին առանց փողի թողնել, ինչ-որ չափով կարժեզրկի Ռուսաստանի ու Իրանի հաղթանակը տարածաշրջանում: Սակայն ռազմավարական առումով` աջակցելով քրդերին` ԱՄՆ-ը շարունակում է հեռանալ Թուրքիայից, Սիրիայից ու Իրաքից»` նշում է փորձագետը: Դեռ այնքան էլ հասկանալի չէ` ի՞նչ է մտածում քրդերի մասին Դոնալդ Թրամփը: Եղան տեղեկություններ, որ նա խոստացել է Անկարային դադարեցնել զենքի մատակարարումը քրդերին ԻՊ-ի պարտությունից հետո: Ինչպես Թրամփի հետ հաճախ է պատահում` նորությունը նրա վարչակազմին անակնկալի բերեց: Այդ հավաստիացումները կարող էին հանգստացնել Անկարային, սակայն քրդերը հաստատ կընկալեն իբրև դավաճանություն: Վաշինգտոնի որոշումը կարող է նրանց հարվածի տակ դնել Սիրիայում, եթե Դամասկոսը որոշի հարձակում սկսել քրդերի դիրքերի վրա: Ռուսաստանը ևս կարող է բախվել դիվանագիտական խնդիրների հետ: Կարճաժամկետ հեռանկարում Մոսկվան, Անկարան, Թեհրանը դաշնակիցներ են, սակայն նրանց միջնաժամկետ շահերը բաժանվում են: Հիմա Ռուսաստանի վրա ճնշում է գործադրում Իսրայելը` պահանջելով սահմանափակել Իրանի ազդեցությունը Սիրիայում: Թեկուզ իսրայելցիները Մոսկվայի վրա դիվանագիտական ճնշման քիչ հնարավորություններ ունեն, փոխարենը բավարար ռազմական ուժ ունեն` ազդելու իրադարձությունների զարգացման վրա Սիրիայում, եթե վտանգ զգան: Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը Սիրիայի ապագայի վերաբերյալ, նույնպես պարզ չէ: Մոսկվան ջանադիր աշխատում էր ընդդիմադիր որոշ խմբավորումների հետ` համոզելով հրադադարի պայմանագիր ստորագրել: Բայց փաստացի` դա կարճաժամկետ պայմանավորվածություն է:

Որքա՞ն կտևի: ՈՒժ կունենա՞ Ասադը պահպանել վերահսկողությունը վերագրավված տարածքներում: Կմնա՞ն «Հըզբոլլահի» և շիական մյուս խմբավորումների զինյալները Սիրիայում: Եթե մնան, ու՞մ շահերն են պաշտպանելու` Սիրիայի՞, թե՞ Իրանի իշխանությունների: Եթե Ռուսաստանի ներկա ձեռքբերումները Սիրիայում կարելի է հաղթանակ անվանել, բոլոր դեպքերում հաղթանակը վերջնական չէ: Գուցե Մոսկվան ինչ-որ ծրագիր ունի Սիրիայի հարցում, բայց այդ ծրագրի մասին դեռ համարյա ոչինչ չի պատմում: Ռուսաստանը, իհարկե, ունի Սիրիայի խաղաղության գործընթացի վրա ազդեցության լծակներ, բայց նրա նպատակները հստակ չեն: Օրինակ` ի՞նչ դեր է ունենալու Բաշար Ասադը: Այս կամ այն կերպ` Պուտինի զինանոցում շատ ձեռքբերումներ կան, որ նա կարող է խաղարկել: Ռուսաստանն իրեն դրսևորել է հուսալի դաշնակից: Ռուս զինվորականները ցույց տվեցին, որ կարող են բարդ ռազմական գործողություններ իրականացնել երկրի սահմաններից դուրս: Սիրիան դարձել է փորձակայան ու ցուցափեղկ ռուսական ժամանակակից զինատեսակների համար: Ռուսաստանն առաջին անգամ 1970-ին դարձավ կարևոր խաղացող Մերձավոր Արևելքում: Այն ժամանակ Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանի համապատկերում աճում է: Ռուսաստանը վերադարձել է միջազգային ասպարեզ: Եթե փակագծից դուրս թողնենք սիրիացիների տառապանքները, որի մեջ մեղավոր են կոնֆլիկտի մասնակից բոլոր արտաքին ուժերը, Սիրիայում միջամտության արդյունքները Պուտինի հաջողություն կարելի է գնահատել:
Ջոնաթան ՄԱՐԿՈՒՍ, ВВС


Հ.Գ. Թեև բացահայտ չի ասվում, բայց պարզ է, որ Սիրիայի ապագայի պայմանավորվածությունը կայանալու է նավթի ու գազի հանքավայրերի ու արտահանման ճանապարհների ապահովման սխեմայով: Որոշ ժամանակ առաջ եղավ տեղեկություն, որ Բաշար Ասադը կարող է համաձայնել քրդական ինքնավարության Սիրիայում, բայց այլ տարածքում, իսկ դա նշանակում է` ես ձեզ ինքնավարություն եմ տալիս, դուք հեռանում եք նավթագազային շրջաններից: Այդ շրջաններում քրդական ինքնավարությունը արաբների մեծ դժգոհությունն է հարուցում: Քրդական ինքնավարությանը դեմ է և Թուրքիան: Իսկ Բաշար Ասադին հասցեագրվող մեղադրանքները զարինի և այլ թունավոր գազերի կիրառման մեջ այդպես էլ չի ապացուցվել: Գազ կիրառվել է, բայց Ասա՞դը, թե՞ ԻՊ-ը` այս հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հակադիր տեսակետներ ունեն: Ի վերջո, եթե Սիրիայի բնակչությանը հարևան երկրները բացահայտ զինում ու պայքարի էին հանում իշխանության դեմ, Ասադին մնում էր կրակել: Քաղաքացիական պատերազմի մեջ մեղադրել միայն Սիրիայի նախագահին, նույնն է, թե հայտարարել, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները, Սաուդյան Արաբիայի թագավորը, Իսրայելի վարչապետը խաղաղության հրեշտակներ են: Որևէ իշխանություն անվերջ չէ: Խաղաղության հաստատումից ու երկրի վերականգնումը սկսելուց հետո Սիրիայի ժողովուրդը պիտի ընտրի` կմնա՞ Ասադը, թե՞ չի մնա: Ընտրության ազատությունը կվկայեն քաղաքացիական ազատությունների ու քաղաքական կուսակցությունների գործունեության մակարդակը: Ի վերջո` հարցը միայն Բաշար Ասադի հեռանալը չէ, լավ, Ասադը հեռացավ իշխանությունից ու անգամ երկրից, ո՞վ է լինելու Սիրիայի նախագահը: Ո՞վ է ավերված երկիրն ու տնտեսությունը վերականգնելու, ո՞վ է ապահովելու Սիրիայի անվտանգությունը հարևանների նոր ոտնձգություններից, ո՞ր երկրներն են ներդրումներ անելու Սիրիայում` նաև քաղաքական ազդեցություն ստանալով: Աստանան ու Ժնևը այս հարցերին դեռ չեն պատասխանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ